• Կոնցեպտ

  • Աքսեսուարներ

  • տան համար

Տաք հագնվեք,

բայց մնացեք նորաձեվ

Կանաչ

մասնիկները Ձեր տանը

Braind-ի թիմն իր ամբողջ եռանդով և հավեսով հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որ կարծում ենք ունի մեծ նշանակություն Հայաստանում քաղաքային բրենդինգի զարգացման համար: Կան մի շարք քաղաքներ, որոնք ունեն իրենց դեմքը, իրենց «հայերենը», իրենց համն ու հոտը, ինչով և ակնհայտորեն առանձնանում են մյուսների մեջ: Այդ բոլոր առանձնահատկությունները կարելի է ներառել մեկ ընդհանուր ֆիրմային ոճի մշակման համար և ստանալ յուրաքանչյուրի բրենդը:

Քաղաքների բրենդավորման ուղին որոշեցինք սկսել Ստեփանավանից. բրենդավորեցինք այն ստորև ներկայացված ոճով՝ ստեղծելով քաղաքի դեմքը և շեշտելով ֆիրմային կանաչը: Սա Ստեփանավանի բրենդինգի մեր տարբերակն է, որը բաց է առաջարկների համար, քանի որ մենք ուզում ենք, որ այն սիրվի և ընդունվի նախ և առաջ քաղաքի բնակիչների և միայն հետո մնացած բոլորիս և զբոսաշրջիկների կողմից:

Լրիվ թեմայի մեջ մտնելու ու խորանալու համար մենք հավաքեցինք նաև ստեփանավանցիներին հատուկ ու առավել շատ օգտագործվող բառերը (ու ահագին ուրախացանք):

Ստեփանավանի բրենդավորումը առաջ է քաշում շրջանի զարգացման մի քանի երկարաժամկետ լուծումներ.



  • Բացահայտվում է Հայաստանում ներքին տուրիզմի ևս մեկ ուղղություն, որն իր ժամանակակից և նորաձև բրենդի շնորհիվ հեշտությամբ տարածվում է երիտասարդության շրջանում
  • Խթանվում է տեղի հյուրանոցների և հանգստյան տների հյուրերի թիվը
  • Հյուրերի թվի աճին զուգահեռ բնակիչները կարող են նաև իրենց սեփական բնակելի տարածքները հատկացնել օրավարձով
  • Բնակիչների համար ստեղծվում է հնարավորություն՝ թեկուզ սեզոնային զբաղվածություն ունենալ` իրենց արտադրանքը կամ ձեռքի աշխատանքը բրենդավորված պիտակներով ներկայացնելով

Ինչո՞ւ հենց Ստեփանավանը.
Որովհետև սա Հայաստանի այն տեղանքն է, որին մենք ծանոթ ենք առավել լավ: Մենք գիտենք այս տեղանքի և ուժեղ, և թույլ կողմերը: Պատկերացնում ենք նաև՝ ինչով այն կարող է գրավել զբոսաշրջիկին, ով երբևէ չի եղել Հայաստանում, հայ երիտասարդին, ով սիրում է հանգստյան օրերին ճամփորդել մեր երկրում և ընտանիքին, որ պարզապես ուզում է հանգստանալ քաղաքային աղմուկից կանաչ անտառներում: Իսկ ծանոթ ենք մենք այս անտառներին, քանի որ մանկուց շատ ամառներ անցկացրել ենք հենց այստեղ: Մինչև այժմ էլ Ստեփանավանը մնում է այն տեղերից, ուր կարելի է գնալ կենտրոնանալու ու աշխատանքն ավարտին հասցնելու համար կամ հակառակը՝ անջատվելու ու վերականգնվելու:

Այս տեղանքում կան պատմական արժեք ներկայացնող և իրոք հետաքրքրություն առաջացնող տեղեր ու շինություններ, ինչպիսիք են միջնադարյան Միսխանա կամուրջը, Սուրբ Նշան մատուռը, 5-6-րդ դարերում կառուցված Տորմակավանքը, Լոռի բերդ-ամրոցը, Արջասար լեռն ու Սոճուտ Դենդրոպարկը, որոնցից սակայն միայն վերջինն է, որ ճանաչված է ու սիրված: Այն եզակի երևույթ է ամբողջ Հայաստանում. շուրջ 35 հա զբաղեցնող բուսաբանական այգու կեսը բնական անտառ է, իսկ մյուս մեծ մասը զբաղեցնում են զարդանախշերով ծառերը, որոնք իրենց հերթին ոգեշնչեցին մեզ բրենդային ոճի ստեղծման համար:

Ստեփանավանում եղած ցանկացած մեկի մոտ այն տպավորվում է իր փայտե բարի տնակներով և միշտ կանաչ եղևնիներով: Հենց այդ պատճառով էլ ֆիրմային նախշը ստեղծելիս՝ աշխատեցինք այս երկու էլեմենտների ձևավորման վրա և օգտագործեցինք բրենդավորված իրերը նկարազարդելու համար:

Այն, ինչի համար արժե գալ Ստեփանավան

Պատրաստ ե՞ք ուղեվորվել Ստեփանավան

«Produced with love in Stepanavan» նշանը նախատեսված է բոլոր այն ապրանքատեսակների համար, որ արտադրվել են Ստեփանավանում: Այն կարող է կիրառվել թե՛ սննդամթերքի, թե՛ ձեռքի աշխատանքների և թե ցանկացած այլ արտադրանքի պիտակների վրա: Այս նշանը նույնպես կնպաստի քաղաքի ճանաչմանը, ինչպես որակյալ, էկո ու թեկուզ պարզապես բրենդավորված ոճային իրեր արտադրողի:


Ցանկացած քաղաքի մուտքը պետք է լինի ջերմ, հիշվող ու կարծես «Բարի Գալուստ» ասող: Այդպիսին կարող է լինել նմանատիպ բիլբորդը:

շարունակությունը դիտել այստեղ

Կոնցեպտ

Դիտել

Աքսեսուարներ

Դիտել

տան համար

Դիտել

Նախաձեռնության մաս դառնալու և իրագործմանն աջակցելու համար գրեք մեզ, զանգեք, այցելեք: Հենց Ստեփանավանի անհատ ձեռներեցների, գործարարների, ընկերությունների և արտադրողների մոտ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն առաջանալու դեպքում մենք պատրաստ ենք անհատույց տրամադրել օգտագործման համար հարմար բոլոր տպագրական ֆայլերը, որ կպարունակեն բրենդային էլեմենտների դիզայնը: Պատրաստ ենք նաև աջակցել արտադրողներին և թեկուզ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին Ստեփանավանի բրենդը իրենց արտադրանքին ադապտացնելու համար:

Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կընդունվի նույնպիսի խանդավառությամբ և վարակիչ կլինի մեր սիրելի Հայաստանի մնացած քաղաքների և գյուղերի համար ևս:

Client: Braind's Initiative

Type: Logo Design | Branding

Country: Armenia

Year: 2016

Art Director: Eduard Kankanyan

Designer: Eduard Kankanyan, Alexandr Hovhannisyan

Project Manager: Karen Babajanyan, Masha Hayrapetyan

Related Projects